Մարդիկ ուշքի են գալու, մարդիկ հասկանալու են այս ողբերգության հետեւանքները, մարդիկ գիտակցելու են, որ երկրում պետք է արմատական փոփոխություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը։

«Ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվել է Հայաստանի ու Արցախի հետ, մեր վաղվա պետական մարմինները, համապատասխան կառուցները պիտի իրականացնեն հետաքննություն, ստեղծվեն քննիչ հանձնաժողովներ»,- ասաց նա եւ հավելեց, որ կա մեկ խնդիր, երբ առաջինը բարձրաձայնելու, հրապարակավ սխալները մատնանշելու ու իրականությունը ասելու դժվարություն ունեն շատերը։

Նա շեշտեց, որ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տա. «Բայց այն, ինչ կատարվել է մեր ժողովրդի հետ, վստահ եմ, որ նա իշխանության մնալու զրո շանս ունի, հասարակությունը, քաղաքական ուժերը կարողանալու են համախմբվել ու նրան հեռացնել իշխանությունից»։

«Որ Նիկոլը գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան, ինչքան շուտ դա կլինի, այնքան մենք ավելի շանս կունենանք երկիրը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Վարդանյանը հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից շատերը, ի վերջո, կգիտակցեն այս ողբերգության խորությունն ու իրենց պատասխանատվության չափը, կգիտակցեն, որ կռապաշտությամբ հնարավոր չէ երկիր պահել ու իրենց որոշումը կկայացնեն։