Մարդիկ համարում են, որ ֆեյսբուքում ստատուս գրելով մաքրվում են իրենց խղճի առջև, փոխարենն իրական գործերով զբաղվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մտավորականների միաբանության երթին մասնակցող դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

«Իրական կյանքում մարդիկ շատ սրտացավ են, բայց սոցցանցեր մտնելով կհասկանաք, որ անպայման փորձում են կեղտ ման գալ, այս մարդասիրական քայլն աղտոտել: Մարդիկ կորցրել են հավատը, քաղաքականցվել են: Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ետին մտքերի: Իրենք իրենց խղճի առջև, որ հարց են տալիս պատասխանը չեն ունենում, որովհետև իրենց պարուրել են կեղծ իրականությամբ: Ավելի հեշտ է նստել տանը, փոքրիկ ստատուս գրել, դրանով դու մաքրվում ես քո խղճի առջև, քան իրական կյանքում դուրս գալ, գործ անել, ինչ-որ բանի համար պատասխանատու լինել, մենք մոռացել ենք պատասխանատու լինել: Բայց անճարությունից տանը մտածում ես՝ ինչով կարող ես օգտակար լինել, դրանցից մեկն էլ՝ խոսեցինք Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հասկացանք, որ նամակներ գրենք աղմուկ բարձրանա, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ հայ ազգը չի հանձնվել, չի նստել ու սպասում, թե իր հետ հաջորդն ինչ են անելու: Համենայն դեպս, ոչինչ չանելուց լավ է», -նշեց Լուիզա Ներսիսյանը: