Ուկրաինան Թուրքիային որպես գործընկեր է դիտարկում Ղրիմի հարցով գլոբալ պլատֆորմի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով` ներկայումս «Ղրիմի թերակղզու կարգավիճակի հարցը լուծելու միջազգային մեխանիզմ գոյություն չունի»: «Ես կցանկանայի հիշեցնել, որ 2014 թվականին, երբ Ղրիմն ապօրինի գրավվեց եւ պատերազմ սկսվեց Դոնբասում, իրավիճակի կարգավորման համար ստեղծվեց Նորմանդիայի ձեւաչափը եւ Եռակողմ շփման խումբ ձեւավորվեց,- ասել է Կուլեբան:- Սակայն Ղրիմի հետ աշխատելու միջազգային մեխանիզմ չստեղծվեց: Այս կերպ մենք ուղղում ենք այդ սխալը»: 

Կուլեբան կարծում է նաեւ, որ Թուրքիան «լավ գործընկեր» կլինի այս մեխանիզմում: «Մենք երախտապարտ ենք Թուրքիային` Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հետեւողական եւ հաստատուն աջակցության համար, ինչպես նաեւ` նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանի պատրաստակամության համար` համագործակցել Ուկրաինայի նախագահի հետ այս իրավիճակի, այս հակամարտության հետ կապված խնդիրների լուծման հարցում, մասնավորապես, երբ խոսքը ռուսական օկուպացիայի տակ գտնվող Ղրիմում բնակվող Ղրիմի թաթարների ճակատագրի մասին է»,- ասել է Կուլեբան:

Նշենք, որ ուկրաինական պատվիրակությունը` վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ, այցելել է Թուրքիա: Քննարկումներ են անցկացվել երկկողմ առեւտրի զարգացման, մասնավորապես` պաշտպանության հարցերի շուրջ:

Անցյալ ամիս նախագահ Էրդողանը համաձայնագիր էր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որում խոստացել էր միլիոնավոր գումարներ հատկացնել ուկրաինական բանակի արդիականացման համար: