ՆԱՏՕ-ն պետք շարունակի Սեւ ծովի տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումը՝ «Ղրիմում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման» լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախաշեմին, փոխանցում է DW-ն։

«ՆԱՏՕ-ի եւ բոլոր դաշնակիցների համար սեւծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի․․․Մենք սերտորեն համագործակցում ենք մեզ համար արժեքավոր գործընկերներ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն սեւծովյան տարածաշրջանում զգալի ներկայություն է պահպանում եւ հետագայում էլ ավելի սերտորեն է համագործակցելու Ուկրաինայի եւ Վրաստանի հետ»,- շեշտել է նա։

Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է բազմազգ բրիգադի մասին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի հարավարեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի հատուկ առաջխաղացման շրջանակում տեղակայված է ռումինական Կրայովա քաղաքում։ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է խախտել այս երկու երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ մասնավորապես Ղրիմի անօրինական բռնակցման եւ Վրաստանի հատվածում ռուսական զորքերի ներկայության ճանապարհով»,- այնուհետեւ նշել է Ստոլտենբերգը։

Նա նաեւ շեշտել է, որ սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը քննարկվելու է դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի եւ Վրաստանի ԱԳ նախարարնոր Դմիտրի Կուլեբայի եւ Դավիդ Զալկալիանիի հետ։