Պակիստանը բանակցություններ է վարում մի շարք թուրքական ընկերություններից փոքր զինված անօդաչու թռչող սարքեր գնելու համար`՝ Հնդկաստանի հետ սահմանի երկայնքով իր ԱԹՍ-ների պարկի տեղակայման համար, հաղորդում է Eurasian Times-ը:

Պակիստանցի զինվորականները ցանկանում են մինի ԱԹՍ-ներ ձեռք բերել, որոնք կարող են մի քանի ժամ մնալ օդում` նախընտրելի է 150 կմ հեռահարությունից Հնդկաստանի սահմանին հետեւելու համար: Պակիստանի եւ Հնդկաստանի զորքերը պարբերաբար փոխհրաձգություններ են իրականացնում 3.323 կմ երկարությամբ լեռնային սահմանի վրայով` Քաշմիրի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պարբերականը նշում է, որ Պակիստանը հույս ունի թուրքական անօդաչու թռչող սարքեր գնել, որոնք «միջազգային ճանաչում են ստացել մարտի դաշտում, հիմնականում` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության ընթացքում»:

Թուրքիան զինված անօդաչու թռչող սարքերի ամենաակտիվ օգտագործողներից մեկն է` դրանք տեղակայելով հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում եւ վերջերս Լեռնային Ղարաբաղում:

Պակիստանը բանակցություններ է վարում նաեւ թուրքական այլ ընկերություններից առաջատար անօդաչու թռչող սարքերի գնման համար, այդ թվում` Boaziçi Defense Technologies-ի, ինչպես նաեւ ILTER անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման համակարգերի: