Եվրամիությունը եւ Թուրքիան հարաբերությունների բարելավման բավականաչափ առաջընթացի չեն հասել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նա շեշտել է, որ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի գործունեությունը, որտեղ ածխաջրածինների հետախուզում է անցկացնում Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում, լուրջ խոչընդոտ է ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ճանապարհին, հայտնում է Kathimerini-ն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի գործողությունները «անչափ ագրեսիվ» են կամ անգամ «սադրիչ»։

Մերկելը ողջունել է դեկտեմբերի կեսին ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի հայտարարությունը իր Oruc Reis սեյսմիկ հետազոտական նավը նավահանգիստ հետ կանչելու մասին։ Սակայն նա նշել է, որ Թուրքիան դեռեւս սեյսմիկ հետազոտություններ է անցկացնում Կիպրոսի ափերի մոտ։

Եվրամիության առաջնորդները Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները քննարկելու են դեկտեմբերի 10-ին սկսվող գագաթնաժողովում։