Գերմանիան ձգտում է պահպանել Թուրքիայի հետ կապի բաց ուղին, քանի որ թուրքական ուժեղացող ընդդիմությունը լավ հարաբերություններ է պահպանում Եվրամիության հետ, կարծում է եվրապատգամավոր Ուդո Բուլմանը:

«Մենք չպետք է գործ ունենանք Թուրքիայի, որպես ավտոկրատ մոնոլիտի հետ, այնպես որ մնացեք ճկուն՝ Թուրքիային վերափոխելու եւ խաղաղ ազգերի ընտանիք վերադարձնելու համար»,- ասել է նա բելգիական EURACTIV լրատվական կայքին: «Մենք չպետք է մոռանանք, որ (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի ուժային բազան նեղանում է... նայեք վերջին քաղաքային ընտրությունների արդյունքները՝ այդ տղան վախենում է կորցնել Թուրքիայում ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ իր որոշիչ ուժը»:

Էրդողանն ու նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խոշոր պարտություն կրեցին 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ պարտվելով Ստամբուլում եւ Անկարայում, որտեղ հաղթեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ):

ԵՄ-ն պետք է հստակ ազդանշան ուղարկի Էրդողանին, որ նրա ագրեսիվ պահվածքն այլեւս չի կարելի հանդուրժել, ասել է Բուլմանը:

Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները՝ կապված Միջերկրական ծովի արեւելքում Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում նրա գործունեության հետ:

Անցյալ շաբաթ EURACTIV-ին աղբյուրը հայտնել էր, որ ԵՄ միասնականության առաջին նշանների դեպքում Էրդողանը կհրաժարվի Եվրոպայի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից: