Մենք չենք դադարեցնելու պայքարը. Կամ իրենք պետք է ձերբակալեն հարյուր հազարավորների եւ շինծու գործեր կարելով զսպեն հայ ժողովրդին, կամ պետք է համակերպվեն, որ իրենց հաշված ժամեր են մնացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դաշնակցական մասնակիցներից մեկը:

«Ռեժիմը խուճապի մեջ է, էդ մարդիկ կառչած են իրենց աթոռներից, իրենց համար միայն նշանակություն ունի իրենց աթոռը: Եթե իրենք հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես հիմա պաշտպանում են իրենց աթոռը, մենք արդեն այս վիճակում չէինք լինի: Ոստիկանները կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված է իր աթոռի համար վտանգ ներկայացնող ցանկացած անձի հնարավորինս շւտ եւ ցանկացած ձեւով վնասազերծել: Մենք տեսնում ենք, որ երբ մարդիկ երթ են անցկացնում եւ որեւէ քաղաքական պահանջ չունեն, նրանք կարողանում են երթը հասցնել ավարտին, ասել իրենց ասելիքը, իսկ մենք, որ չենք համակերպվում եղելության հետ, որ հասկանում ենք, որ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար նիայն նրա հեռանալով կարող ենք փրկության շանս ունենալ, ստիպված ենք անցնել այս ամենի միջով»,-ասաց նա:

Դաշնակցական երիտասարդ աղջիկը շարունակեց. «Իրականում ոստիկանությունը հիմա իր այս գործողություններով օգնում է, որ մեր ձայնը ավելի լսելի դառնա: Վկան լրատվամիջոցների առկայությունն է, որը մեզ էթույլ  տալիս հայրուր հազարավոր մարդկանց ասել, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն եւ դավաճանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի ղեկավարի աթոռը»:

Նշենք, որ կցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի կառավարություն, որտեղ էլ տեղի կունենա ակցիայի ամփոփումը:

Նշենք, որ այսօր կրկին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում Երեւանի փողոցներում: Ոստիկանները ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: