ԱՄՆ-ը սուր քննադատության է ենթարկել Չինաստանին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար:

Պետդեպարտամենտը գործարկել է DPRKrewards.com նոր կայքը, որը կառաջարկի մինչեւ 5 միլիոն դոլար վճարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ խորհրդատվության համար, այդ թվում՝ Չինաստանում ձեռնարկությունների դեմ:

«Ես ուզում եմ ասել, որ մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ կլինեն»,- ասել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Ալեքս Վոնգը:

Վոնգը խոստովանել է, որ Փհենյանը դեռեւս «որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել միջուկազերծման ուղղությամբ», եւ մտահոգություն է հայտնել, որ հոկտեմբերին կայացած շքերթին նա մեծ հեռահարության հրթիռ է ներկայացրել:

Նա ասել է, որ ԱՄՆ-ը 2019 թվականից սկսած 46 անգամ Պեկինին տեղեկատվություն է տրամադրել Չինաստանի ջրերում հյուսիսկորեական վառելիքի մաքսանենգության մասին: «Այս դեպքերից ոչ մեկում Չինաստանի իշխանությունները գործողություններ չեն ձեռնարկել, որպեսզի դադարեցնեն այդ ապօրինի ներմուծումը: Ոչ մի անգամ»,- ասել է Վոնգը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի 20 000 աշխատողներ դեռ աշխատում են Չինաստանում, ինչը հակասում է ՄԱԿ-ի կողմից աջակցվող ջանքերին` վերջ դնելու այն բանին, որը լայնորեն դիտարկվում է որպես ստրկական աշխատանք: