Հունաստանը Միջերկրական ծովի արեւելքում անցկացվող զորավարժությունների ընթացքում Թուրքիայի ափերի մոտ ռուսական արտադրության Ս-300 զենիթահրթիռային համակարգեր է փորձարկել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով AMN News-ին։

Գործակալության տվյալներով՝ վարժանքները անցկացվել են նոյեմբերի 23-27-ը՝ Կրետե կղզու ռազմական զորակայաններից մեկում: Դրանց մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների զինվորականներ:

Ինչպես գրում է Daily Sabah-ը, հունական զինված ուժերի զորավարժություններում, Ս-300-ներից բացի, ներգրավված են եղել նաեւ ռուսական եւ խորհրդային արտադրության ՀՕՊ այլ համակարգեր, օրինակ` Տոռ-Մ1 եւ Օսա-AKM, ինչպես նաեւ միջին եւ կարճ հեռահարության ամերիկյան եւ գերմանական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր: Հրապարակումը նշում է, որ Կրետեում անցկացվող զորավարժությունները Թուրքիայում արդեն սադրանք են անվանել եւ քննադատել են ԱՄՆ իշխանություններին «կեղծավոր դիրքորոշման» համար։ Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս դեմ էր հանդես եկել Անկարայի կողմից ռուսական Ս-400 համալիրների գնմանը եւ սպառնում էր պատժամիջոցներ կիրառել նրա դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները վաճառել նրա հակառակորդ Հունաստանին: Հունական լրատվամիջոցները պնդում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս հարցը քննարկելու համար է այցելել Աթենք: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մատակարարել 20 միավոր տեխնիկա, որոնցից վեցը նախկինում նախատեսված էր Անկարայի համար: Հունաստանը նաեւ Ֆրանսիայից Rafale վեց կործանիչներ կգնի: