Պատերազմի և նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի արդյունքում Արցախը կորցրել է իր էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9–ին ստորագրված համաձայնագրից հետո առաջացած՝ Արցախի էներգետիկ անվտանգության խնդիրներին։

Տնտեսագետը, վկայակոչելով Արցախի հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տվյալները, հայտնեց, որ մինչև պատերազմը Արցախի Հանրապետության տարածքում գործել է 1 խոշոր (Սարսանգի) և 31 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք ապահովում էին ոչ միայն Արցախի տնտեսությունն էժան էլեկտրաէներգիայով, այլև դրա մի մասն արտահանվում էր Հայաստան։

«Պայմանավորված հարուստ ջրային ռեսուրսներով և հարմար տեղանքով՝ ՀԷԿ-երի մեծ մասը կառուցված էր Քաշաթաղի և Շահումյանի (Քարվաճառի) վարչական շրջաններում, որոնք ադրբեջանական կողմին հանձնելուց առաջ ապամոնտաժվեցին։ Պատերազմական գործողությունների և ստորագրված եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ Արցախը կորցրեց իր ինքնաբավ էներգետիկ համակարգը։ Արցախում գործող 32 ՀԷԿ-երից 26-ն արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը, մասնավորապես՝ 2 ՀԷԿ Մատաղիսում, 7 ՀԷԿ Շահումյանում (Քարվաճառում), 16 ՀԷԿ Քաշաթաղում և 1 ՀԷԿ Հադրութում։ Իսկ Մարտակերտում գտնվում Թրղի 1, 2 և 3 ՀԷԿ-երի վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ 2019 թվականի ընթացքում ՀԷԿ-եր շահագործող ընկերությունները Արցախի պետական բյուջե են փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամի հարկեր և աշխատանքով են ապահովել հազարավորավոր արցախցիների։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հրատապ քայլեր կձեռնարկեն ոչ միայն ապահովելու Արցախի էներգետիկ անվտանգությունը, այլև այլընտրանքային լուծումներ կգտնեն։