Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերեն հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղին: Նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսիից) եւ սենատոր Ռոբ Փորթմանը (հանրապետական` ​​Օհայոյից) համատեղ հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակել է դեմոկրատների մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանք կոչ են արել ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների կոմիտեին «ֆինանսավորում տրամադրել 2021 ֆինանսական տարվա հատկացումների վերջնական օրինագծի շրջանակներում (սկսվել է հոկտեմբերի 1-ից)` Հարավային Կովկասում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կարգավորման համար»:

Մենենդեսը եւ Փորթմանն «ընդգծել են ճգնաժամի ծանրությունը եւ ամերիկյան օգնության կարեւորությունը»: «Հարավային Կովկասում մարդասիրական իրավիճակը սարսափելի է, եւ ձմռանը մոտենալու հեը կվատթարանա»,- կարծում են սենատորները: Որպես օրինակ նրանք նշել են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաեւ «վերջերս Թուրքիայի կողմից աջակցվող հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որը երկարաժամկետ վնաս է հասցրել տարածաշրջանի ենթակառուցվածքին եւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի, այդ թվում` կանանց եւ երեխաների տեղահանման է հանգեցրել», հայտնել են մամուլի ծառայությունում: «Մարտական գործողությունները գուցե եւ ավարտվել են, սակայն դրա հասցրած վնասը կշարունակի մարդկանց մահվան հանգեցնել միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում»,- ասել են սենատորները:

«Լեռնային Ղարաբաղում վերականգնողական միջոցառումների հուսալի ֆինանսավորման մասին խնդրանքին զուգահեռ Մենենդեսը եւ Փորթմանը Սենատին խնդրել են նաեւ կոնկրետ միջոցներ տրամադրել ականների եւ չպայթած զինամթերքի [տարածաշրջանում] մաքրման համար: Դրա [ականազերծման] կարիքը զգալիորեն աճել է բռնության վերջին բռնկումից հետո»,- նշել են մամուլի ծառայությունում:

«ԱՄՆ-ն պետք է շարունակի մարդասիրական օգնություն տրամադրելու մեր երկար ավանդույթը նրանց, ով ամենից շատ դրա կարիքն ունի, օրինակ` հազարավոր էթնիկ հայերին, ովքեր ստիպված էին լքել իրենց տները կամ այլ կերպ են տուժել բռնությունից»,- կարծում են սենատորները: