Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել հերթական հումանիտար օգնությունը, տեղի բնակիչները մինչ ցրտերը սկսվելը կստանան տաք ծածկոցներ եւ շինանյութ իրենց տները վերականգնելու համար, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

«ՌԴ ԱԻՆ-ը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչության համար տեղափոխել է հերթական հումանիտար օգնությունը։ Բեռի կազմում կա ավելի քան 3 հազար տաք ծածկոց։ Ներկայումս բեռն ուղարկվել է Ստեփանակերտում գտնվող հումանիտար օգնության բաշխման կետ եւ առաջիկայում կփոխանցվի քաղաքի բնակիչներին»,- նշված է հաղորդագրության մեջ

Հաղորդվում է, որ Մարտունի է հասցվել շուրջ 8 տոննա շինանյութ։ Բեռը կազմված է 6,5 տոննա մետաղանյութից եւ ավելի քան 1,2 տոննա փայտե գերաններից։ Նշվում է, որ նյութերը բաժանվում են բնակիչների միջեւ, որոնք վերականգնում են իրենց տները։

«Ռուս փրկարարները բազմակողմանի օգնություն են ցույց տալիս կազմակերպություններին, հաստատություններին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին։ Այսպես՝ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի Օնիկ Գրիգորյանի անվան վերականգնված հանրակրթական դպրոցում անցկացրել են անվտանգության բաց դասեր»,- նշված է հաղորդագրության մեջ։