Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին կրկին ներկա չէր։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին չէր կարողացել ներկայանալ, քանի որ առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նիստերին մասնակցի. «Ինչու թույլ չի տալիս, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա։ Նույնիսկ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նիստին՝ իր մասնակցությունը»։

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում իրենք ներկայացրել են բժշկական փաստաթուղթ, որում արձանագրված էր, որ կա բացասական դինամիկա, այդ պատճառով չի ներկայացել Գագիկ Խաչատրյանը։

Պաշտպանն ասաց, որ իրենք դատարանին միջնորդել են, որ թույլ տա Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժման, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը։

«Մերժեց անհասկանալի պատճառաբանություններով։ Պատճառաբանություններն այնպիսին են, որ Հայաստանում կարող են պատշաճ բժշկական օգնություն ստանալ, բայց մոռանում ենք՝ հենց պետությունը նախաձեռնել է 2 բժշկական կոնսիլումներ՝ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, հենց իրենք էին արձանագրել, որ Հայաստանում այս վիրահատությունը հնարավոր չի կատարել»,- ընդգծեց Սարգսյանը։

Պաշտպան Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանն իր բուժումը ստանում է տնային պայմաններում. «Հենց բժիշկների կողմից կատարված կոնսիլումով էր արձանագրվել, որ հաշվի առնելով covid-19-ի հետեւանքով ստեղծված իրավիճակը, պատերազմական իրավիճակը, հնարավոր չէ ստացիոնարում իրականացնելու։ Բուժումը, որքանով հնարավոր է, կատարում են տնային պայմաններում։ Բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ այս հիվանդության միակ բուժումը վիրահատությունն է»։

Դիտարկմանը, որ Գագիկ Խաչատրյանը չի ներկայանում դատական նիստերին եւ, ըստ էության, նիստերը հետաձգվում են, հարցին՝ ինչպե՞ս է ինքը պատկերացնում այս դատական գործի հետագա ընթացքը, պաշտպանն ասաց. «Անձը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա ներկայանալ դատական նիստերին։ Եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում. սա նշանակում է, որ դիտավորյալ գործողություններ են կատարվում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված։ Երբ անձն ունի սուր ցավեր, եւ պետությունն այնպես է անում, որ ինքը պարտադրված այդ ցավերը կրի, սա նշանակում է՝ վատ վերաբերմունք, խոշտանգում»։

Երեմ Սարգսյանն այս առնչությամբ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը, որում հայտնել էր, որ եթե կողմերն այդ հարցում ընդհանուր հայտարարի չգան, ապա ՄԻԵԴ-ը կնախաձեռնի նաեւ խոշտանգման քննության վարույթ։

Նա նշեց, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը՝ 12։00-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):