Ռուսաստանի իշխանությունները ողջունում են Ղարաբաղում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՄԿ»-ն։

Նրա խոսքով՝ ռուսերենն օգտագործվում է Ղարաբաղում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Նա հավելել է, որ այս լեզվով են խոսում «աշխարհում շատ վայրերում, այդ թվում նախկին Խորհրդային Միության տարածքում»։ Պեսկովը շեշտել է, որ դա շփվելու համար հարմար լեզու է։ Մոսկվան պատրաստ է հետագայում եւս նպաստելու ռուսերենի տարածմանը, ինչպես նաեւ լեզվի տիրապետմանն աջակցելուն։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը չի առաջարկում Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսերենը դարձնել պետական երկրորդ լեզու։ Նրա խոսքով՝ սա յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։

Telegram ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մտադիր են ռուսերենը պետական լեզու դարձնել։ Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները օրինագիծ են պատրաստում։ Դա ռուսերենին կտա հայերենից հետո երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։