2020 թվականի սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու խնդրագիր էր ստացել, որը Հայաստանը ներկայացրել էր ընդդեմ Ադրբեջանի՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ։ Հարցումը ներկայացվել է № 42521/20 դիմումով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Դատարանն այս գործով միջանկյալ միջոց էր կիրառել (Դատարանի Կանոնակարգի Կանոն 39)։

2020 թվականի հոկտեմբերի 4-ին դատարանը ստացել էր միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն, որը Հայաստանը ներկայացրել էր ընդդեմ Թուրքիայի, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ։ Դատարանը որոշել էր երկրորդ անգամ կիրառել Դատարանի Կանոնակարգի Կանոն 39-ը։ Նա կոչ էր արել հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կնպաստեին Կոնվենցիայով քաղաքացիական անձանց իրավունքների խախտմանը, եւ հետեւել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորություններին։

2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի կառավարությունը դիմել է Դատարան՝ որոշումը վերանայելու եւ երկրորդ միջանկյալ միջոցը չեղարկելու խնդրանքով։ Նրանք վկայակոչել են հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, որում հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանը վերեւում հիշատակված դիմումը երկրորդ անգամ է քննարկել Թուրքիայի կառավարության ներկայացրած տեղեկությունների լույսի ներքո եւ այդ տեղեկությունները հաշվի առնելով՝ որոշել է չեղարկել միջանկյալ միջոցը՝ նշված 2020 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Կանոն 39-ի համաձայն Դատարանի ընդունած մյուս որոշումները, ներառյալ միջանկյալ միջոցը՝ նշված 2020 թվականի սեպտեմբերի 29-ի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործում, ուժի մեջ են մնում։