ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քաղաքականությունից դուրս գալու մտադրություն ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով հարցին, թե մտադրություն ունի՞ խմբակցությունից դուրս գալ, քանի որ նման լուրեր են շրջանառվում։

«Ես «Իմ քայլից» դուրս գալու մտադրություն ունեցել եմ առաջին իսկ օրվանից եւ հիմա գործ եմ անում, նման լուրերի վրա չեմ կենտրոնանում, որովհետեւ ներսում եւ դրսում ես իմ կարծիքն ու դիրքորոշումը մշտապես ասել եմ եւ թող մտածեն այն մարդիկ, որոնք երբեւէ իրենց կարծիքն ու դիրքորոշումը խմբակցության ներսում կամ դրսում չեն ունեցել կամ չեն ունենում։ Այս պահին մտադրություն ոչ թե կա, այլ առհասարակ, ես քաղաքականությունից դուրս գալու մտադրություն ունեմ։ Գտնում եմ, որ քաղաքականությունն իմ նման մարդու տեղը չի, որովհետեւ քաղաքականության մեջ ազնվությունը պիտանի չէ»,- ընդգծեց պատգամավորը։

Հստակեցնող հարցին, թե ճի՞շտ ենք հասկանում, որ առաջիկայում պետք է սպասել իր մանդատը վայր դնելուն, պատգամավորն ասաց, որ ժամկետներ նշել չի կարող, որովհետեւ կիսատ մնացած գործեր կան, որոնք աշխարհն էլ շուռ գա, պետք է անպայման ավարտին հասցնի։

«Ցանկացած գնով եւ ցանկացած դեպքում էդ գործն անելու եմ քանի դեռ այս երկրում իմ կարիքը կա։ Առաջիկան ժամկետ է, որը յուրաքանչյուր մարդ կարող է մտածել մեկ շաբաթ, կամ մեկ ամիս հետո, բայց դժվար թե մի ամսում կարողանամ դա հասցնել»,- նշեց նա։

Սոֆյա Հովսեփյանն առաջարկեց իրադարձություններից առաջ չընկնել, եւ համբերատար հետեւել իր գործունեությանը։

«Ամենակարեւորը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ամբողջ լրահոսը կենտրոնացած է մանդատների եւ խմբակցություններից դուրս գալու կամ չգալու վրա, մեր երկրի աղետը հենց դա է։ Պետք է ոչ թե կենտրոնանալ նրա վրա, թե որ պատգամավորը դուրս եկավ եւ դա գործ համարենք, այլ պետք է նայել, թե որ պատգամավորն ամեն օր ինչ է անում։ Ես այս պահին ո՛չ խմբակցությունից եմ դուրս եկել, ո՛չ մանդատ եմ վայր դրել։ Եկավ այն պահը, որ պետք է խմբակցությունից դուրս գամ, կամ մանդատս վայր դնեմ, ձեռք մեկ վայրկյան չի դողալու։ Եվ որեւէ մեկի հետ՝ ո՛չ ներսում, ո՛չ դրսում չեմ քննարկելու, դա իմ որոշումը պետք է լինի։ Որեւէ քաղաքական ուժ չի կարող ազդել իմ որոշման վրա, որովհետեւ առաջին իսկ օրվանից, երբ ստորագրությունը կար, խմբակցությունից դուրս գալու առաջին դիմումը ինքս դրել եմ, բայց ստորագրումից ընդամենը երկու րոպե հետո ամբողջ կուսակցական այսպես ասած՝ եռուզեռի, հարձակումների, որ ճիշտ կլինի դուրս գալ, նաեւ դա ինձ դրդեց, որ ես իմ դիմումը, երբ որեւէ մեկի ձեռքը չէր հասել դրան, հենց այդպես էլ մնաց»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Իշխող ուժի պատգամավորը  հոգեբանական ճնշման ազդեցության ներքո որեւէ որոշում չի կայացնելու. անձամբ է որոշելու՝ ինքն այս պահին պետք է լինի քաղաքականության մեջ, կամ խմբակցությունից դուրս գա, թե՝ ոչ։

«Երբ այլեւս իմ գործունեության կարիքը չեղավ, ո՛չ որպես պատգամավոր, ո՛չ որպես խմբակցության անդամ, ո՛չ որպես իմ ինչ-որ կառույցի անդամ, ես դուրս կգամ այդ ամենից եւ կզբաղվեմ այլ գործով»,- ընդգծեց նա։

Քաղաքականությունից դուրս գալու մտադրության պատճառների մասին, Սոֆյա Հովսեփյանն ասում է․

«Ես քաղաքականություն մտել եմ նրա համար, որպեսզի իմ օրինակով ցույց տամ, որ քաղաքական գործիչը ոչ թե քաղաքական թիմի կամակատարն է, այլ երկրի ու ազգի շահերի համար ծառայող անձ, բայց եթե ես չեմ կարողացել երկուսուկես տարում, իհարկե, ես միշտ եմ ծառայել այդ օրինակով, մարդկանց վարակել, ոչ միայն մեր խմբակցությունում, այլեւ բոլոր խմբակցություններում, դա նշանակում է, որ ես պատրանքով եմ ապրում։ Դա կամ պետք է լինի իմ նման մտածող մարդկանց բազմություն, ինչը չի լինի որեւէ կուսակցության, խմբակցության ներսում, որովհետեւ ձեռնտու չէ այդպիսի մարդկանցով կազմել իրենց ցուցակը. դա նշանակում է, որ քաղաքականությունը երբեք չի մաքրվելու եւ լինելու է կամակատարների խումբ, իսկ եթե այդպես է, եւ որտեղ չկա ազնվություն ու արդարություն, ես ինձ չեմ տեսնում դրա մեջ»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

 Իշխող ուժի պատգամավորն իր մոտեցումները ներկայացրել է խմբակցությանը, նրանք դա ընդունել են ի գիտություն։