ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա ներքաղաքական երկխոսություն սկսելու եւ առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին հարցերը լուծելու համար:

«Հուսով եմ՝ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա հանգիստ, առանց կտրուկ գործողությունների քաղաքական բոլոր ուժերի հետ ներքաղաքական երկխոսություն սկսելու, առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին բոլոր: Անկասկած, դա կհաջողվի՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քաղաքական փորձը»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսահամաժողովի ձեւաչափով:

Նա վստահություն է հայտնել, որ «պետք է ի վերջո ժողովուրդներին հնարավորություն տալ ինքնուրույն լուծել խնդիրները», եւ որպես բացասական օրինակ նշել է այսպես կոչված «արաբական գարունը» եւ այլ գունավոր հեղափոխություններ: «Մենք տեսանք՝ ինչի հանգեցրեցին գունավոր հեղափոխությունները, դրանք միշտ բացատրվում են լավագույն մտադրություններով: Ինչպես հայտնի է, լավ մտադրություններով ճանապարհ է հարթվում դեպի դժոխք»,-ասել է Պուտինը: