Պատգամավորները բիզնեսի հարցերի արագ արձագանքման խումբ են ստեղծել: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորները, որոնք զբաղվում են տնտեսական հարցերով, որոշել են արագ արձագանքման խումբ ստեղծել, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, այդ թվում՝ շինթուլտվություն, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված հարցեր: Ցանկության դեպքում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները կներգրավվեն այդ աշխատանքին: «Խնդրում եմ պետական մարմինների աշխատակիցներին արագ եւ հստակ արձագանքել, այլ ոչ թե լրացուցիչ խնդիրներ ստեղծել: Բոլորի մոտ պատասխանատվության զգացումը պետք է բարձր լինի»,-կոչ արեց Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ աշխատանքային խումբ ստեղծելու կարգը, բիզնեսի հարցերի քննարկումը եւ կառավարության մարմինների հետ քննարկումը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում: