Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը։ Այս մասին այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Այսօր հավանություն են ստացել տարբեր ոլորտներում մեր գործունեության համար կարեւոր մի շարք փաստաթղթեր։ Դրանք մի քանի փաստաթղթեր են մեր խաղաղապահ ներուժի զարգացման եւ ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը միանալու հետագա քայլերի վերաբերյալ»,- ասել է Զասը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ՄԱԿ հովանու ներքո գործողություններին միանալու են «համակարգող կազմակերպության, ՀԱՊԿ համակարգող պետության միջոցով»։

Դրանից բացի, նրանք որոշել են խաղաղապահ անձնակազմի նախապատրաստման ՀԱՊԿ բազային կազմակերպությունը՝ հաշվի առնելով ՄԱԿ ստանդարտները եւ առանձնահատկությունները, հստակեցրել են խաղաղապահ ուժերի կազմը՝ հատկապես ՄԱԿ գործողություններին մասնակցելու համար դրանց գրավչությունը մեծացնելու համար։ «Մասնավորապես՝ հիմա ՄԱԿ գործողություններում անչափ պահանջված են խաղաղապահ ստորաբաժանումները։ Մենք մեր խաղաղապահ զորախմբի կազմի մեջ ենք ներառում բժշկական ջոկատ, որը ձեւավորվելու է [Ն․Ն․] Բուրդենկոյի անվան հոսպիտալի հիման վրա»,- ասել է Զասը։

Հավանություն է ստացել նաեւ նյութատեխնիկական եւ բժշկական ապահովման համաձայնագիրը։