Ես գիտակցում եմ, որ այս պահին մի քիչ հուզական է Ադրբեջանի հետ աշխատելու մասին լսելը, դա շատերի համար կարող է դիտվել որպես դժվար որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե միգուցե ինչ-որ պահի հայկական ապրանքների համար բացվի Ադրբեջանի շուկան եւ հակառակը:

«Բոլոր դեպքերում տնտեսական զարգացումը պետք է բոլորիս թիվ մեկ առաջնահերթությունը դառնա: Եթե նախկինում առաջնահերթությունը ուժային բլոկին էինք տալիս, դա ինչժ-որ տեղ սխալ էր, պետք էր առաջնահերթություն տալ նաեւ տնտեսական բլոկին: Եթե էկոնոմիկան բավականաչափ ուժեղ լիներ, արդյունքները էապես այլ կլինեին: Այս տեսանկյունից, ցանկացած էկոնոմիկայի նախարարի դերն այն է, որ ինքը ստեղծի հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ռաջանա, եթե ադրբեջանական ապրանքը մտնի հայկական շուկա, Օսիպյանը պատասխանեց. «Դե զինվոր չենք ներմուծելու: Անկեղծ ասեմ, յս իրավիճակն ընդհանրապես մտահոգության տեղիք տալիս է, եւ այս պարագայում հիպոթետիկ ենթադրենք, որ եթե հանկարծ Ադրբեջանից խնձոր ներմուծենք, կարո՞ղ է իրենք ինչ-որ դեղ սրսկեն  եւ դա վնաս տա, դա ինձ թվում է՝ ոչ այդքան առաջնահերթ է քննարկելու համար: Մենք պետք է կենտրոնանանք տնտեսությունը զարգացնելու վրա, եւ եթե որեւէ բիզնեսմենի համար նպատակահարմար լինի իր արտադրանքն արտահանել Ադրբեջան, կամ ներմուծել Ադրբեջանից, դա իր որոշման հարցն է: Եթե մենք չունենք օրենսդրական սահմանափակում դա անելու համար, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում:

Միաժամանակ, ուզում եմ ասել, որ այո, սա հուզական հարց է, գուցե հիմա ժամանակը չի դրա մասին խոսելու»:

Դիտարկմանը, որ օրեր առաջ արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը, Օսիպյանն ասաց. «Իմ կարծիքով՝ թուրքական ապրնքների ներմուծումն արգելելու որոշումը պարտվողական որոշում է այն առումով, որ մենք չենք կարողացել ստեղծել հասարակություն, որտեղ հասարակության անդամը չի կարող որոշել՝ թուրքական գրիչ է առնում, թե չինական: Եթե էդ մարդու համար մեկ է, եւ մենք հույսը դրել ենք նրա վրա, որ պետությունն արգելելու է, հիմա արգելի-չարգելի, այդ ապրանքը գալու է: Այս պարագայում պետության խնդիրը պետք է լինի կրթության ոլորտը զարգացնելը եւ այդ արժեքները դասավանդելը, նաեւ նպաստել հայրենական արտադրության զարգացմանը: Սա բարոյականության հարց է եւ պետք չի ամեն խնդիր բարդել պետության վրա»,-ասաց նա: