Կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը վատթարանալու է, աշխատանքային ռեսուրսների խնդիր կա, նաեւ աշխատանքի մոտիվացիայի խնդիր ենք տեսնում, որ բնակչության մի ստվար հատված մտածում է երկրում մնալ-չմնալու հարցի շուրջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը:

«Մեր որպես ասոցիացիա, դիրքորոշումը հետեւյալն է. Հիմա անձնավորված մեղավոր փնտրելով կարծես ամեն մեկս խնդիրը մեր վրայից բարդենք ուրիշի վրա: Բոլոր օղակներում էլ թերացումներ եղել են: Նախկինում տարածված էր այն կարծիքը, որ պետք է ապահովել պետական աջակցություն այն բիզնեսներին, որոնք մի կերպ գոյատեւում են, որ դուրս չգան շուկայից: Հիմա պետք է թիրախը փոխվի, պետք է աջակցենք արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, դեպի արտահանում միտված բիզնեսներին, որպեսզի իրենք փոխեն իրավիճակը շուկայում:

Թե նախկինում, թե հիմա Հայաստանը հնարավորությունների երկիր է այն տեսանկյունից, որ լիքը բան արված չի: Եթե նախկինում որոշ մարդկանց համար կարող էր ընդունելի լինել չգրանցել աշխատակիցներին, կամ աշխատավարձը լրիվ չգրանցել, հարկերից խուսափել, հիմա դա պետք է դառնա անընդունելի նաեւ կենցաղային մակարդակով: Օրինակ, եթե մեկը առաջարկում է՝ արի քեզ չգրանցեմ, այդ մարդը պետք է իր քայլերն ուղղի աշխատանքի տեսչություն եւ ասի, որ ինձ նման բան են առաջարկել»,-ասաց նա: