Իրանի միջուկային էներգիայի ծավալը շատ ավելի մեծ է, քան ութ տարի առաջ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մեր թշնամիներն ամեն ինչ արել են, որպեսզի ճնշում գործադրեն Իրանի ժողովրդի վրա, որպեսզի ստիպեն նրան հանձնվել: Թշնամիները ձգտում էին պատժամիջոցները լայնածավալ տնտեսական պատերազմի վերածել, սակայն, միեւնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման արշավի ձախողման պատճառով իրանական հաջորդ օրացուցային տարում (2021-ի մարտից սկսած) իրավիճակն այլ կլինի»,- ասել է նա: Նրա խոսքով` ով էլ ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, պետք է ծնկի իջնի իրանական ազգի դիմադրության առաջ:

«Մենք բոլորս գիտենք, որ Թրամփից առաջ կային մարդիկ, ովքեր դեմ էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), հատկապես` սիոնիստները, նրանց տարածաշրջանային դաշնակիցները եւ, իհարկե, ամերիկյան ծայրահեղականները,- ասել է նա:- Այս երեք խմբերն ամեն կերպ փորձել են թույլ չտալ, որպեսզի ԳՀՀԾ-ն հաջողի, սակայն նրանք ձախողվեցին, քանի որ ԱՄՆ նախորդ վարչակազմը (այսինքն` Օբամայի) որոշ չափով ծանոթ էր քաղաքականությանը եւ գլոբալ կառավարմանը, բայց Միացյալ Նահանգներում իշխանության եկավ Թրամփը` առանց կառավարելու ունակությունների: Նա կարողացավ հեշտությամբ անել այն, ինչ ուզում էր սաուդյան փողերի եւ Ամերիկայում սիոնիստների ու ծայրահեղականների ճնշման շնորհիվ»: