Ազգային ժողովում Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնած քննարկման ժամանակ գործարարները մի շարք հարցեր բարձրացրին, որոնք արագ լուծում են պահանջում։

Տրանսպորտային փոխադրողների միության ներկայացուցիչ Եղիշե Հովհաննիսյանը, անդրադառնալով փոքր եւ միջին բիզնեսի հետ ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքին եւ պարբերական հանդիպումներին, մասնավորապես հայտարարեց, որ իրենց մոտ լուրջ խնդիրներ են կուտակվել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ շրջափակման մեջ է։

«Եվ սա անչափ կարեւոր է, մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ լուծենք կուտակված խնդիրները՝ կապված տրանսպորտային առաքումների եւ ընդհանրապես տրանսպորտային լոգիստիկայի հետ»,- շեշտեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում լոգիստիկայի ծախսերը կազմում են ապրանքների արժեքի մեծ տոկոսը։