Լիբանանի նախագահ Միշել Աունը ցանկանում է, որպեսզի Իսրայելի հետ ծովային սահմանների մասին բանակցությունները հաջողությամբ պսակվեն եւ որ վերջին փուլի ժամանակ տարաձայնությունները կարգավորվեն միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին նա հայտարարել է բանակցություններում ամերիկացի միջնորդ Ջոն Դերոչերի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար չորեքշաբթի, հետաձգվել է:

Իսրայելը եւ Լիբանանը հավակնում են Միջերկրական ծովի շուրջ 860 քառակուսի կիլոմետրի: Բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ լիբանանյան պատվիրակությունը՝ կազմված բանակային սպաներից եւ փորձագետներից, նոր քարտեզ է առաջարկել՝ տարածքը մեծացնելով մինչեւ 1430 քառակուսի կիլոմետրի:

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Սթեյնիցն անցած շաբաթ հայտարարել է, որ «լիբանանցիների ներկայացրածը սադրանք է», սակայն հավելել է, որ բանակցությունները սկսվում են «պահանջներից եւ սադրանքներից»:

Աունն ասել է, որ վերջին փուլի ընթացքում առաջացած դժվարությունները կարող են լուծվել ծովային իրավունքի հիման վրա: Նա նշել է, որ եթե բանակցությունները փակուղի մտնեն, ապա «կարող են այլ այլընտրանքներ առաջադրվել»:

Բանակցությունների վերջին փուլն անցկացվել է նոյեմբերին եւ կազմակերպվել ՄԱԿ-ի կողմից: