Կառավարությունը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ են իրականացվում։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաեւ 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»:

Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջնյանը ավելի վաղ հայտնել էր, որ ամբողջությամբ վերացվում են ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների եւ գործադուլների կազմակերպման, անցկացման եւ դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմը եւ հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումները։

Վերացվում է հավաքների կազմակերպման, դրանց մասնակցելու արգելքը. Նաև ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմը. Որոշումը կլինի այսօր