ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր անվտանգության համար գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչեւ 2030 թվականը: Այս մասին ասվում է «ՆԱՏՕ-2030» դաշինքի վերաձեւավորման մասին զեկույցում, որը հրապարակվել է դաշինքի ԱԳՆ ղեկավարների տեսահամաժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մինչեւ 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կմնա դաշինքի համար ամենագլխավոր ռազմական սպառնալիքը»,-ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն Չինաստանը համարում է Ռուսաստանից հետո իր անվտանգության համար երկրորդ ռազմական սպառնալիքը եւ անհրաժեշտ է համարում այդ երկրի գործողությունները գնահատելու համար գործող մշտական մարմին ստեղծելը՝ ասվում է զեկույցում: «Չինական հզորությունը եւ գլոբալ հնարավորությունները մարտահրավեր են բաց եւ ժողովրդավար հանրությունների համար՝ հատկապես հաշվի առնելով ավտորիտարիզմի եւ տարածքային էքսպանսիայի նկատմամբ դրա ձգտումները: Չնայած նրան, որ Չինաստանը դաշինքի համար նման մասշտաբի ռազմական սպառնալիք չի ներկայացնում, ինչպես Ռուսաստանը, նա ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները Միջերկրական ծովում, Ատլանտյան օվկիանոսում եւ Արկտիկայում, ինչպես նաեւ խորացնում Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցությունը»,-ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդը պահպանելը՝ որպես գործիք Ռուսաստանի հետ խաղաղ համագոյակցության մասին քաղաքական երկխոսության համար, սակայն մտադիր է այդ երկխոսությունը վարել «ատլանտյան միասնության եւ ուժի դիրքորոշումից»: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է իր գլխավոր ռազմական հակառակորդը առաջիկա տասնամյակի ընթացքում:

ՆԱՏՕ-ն պետք է հատուկ հետախուզական բաժին ստեղծի Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական եւ տեխնոլոգիական համագործակցությանը հետեւելու համար՝ ասվում է զեկույցում:

«ՆԱՏՕ-ն պետք է հատուկ ստորաբաժանում ձեւավորի դաշինքի անվտանգության եւ հետախուզության միացյալ վարչության կազմում ռազմական, տեխնոլոգիական եւ քաղաքական ոլորտներում Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցության գնահատականի եւ մոնիթորինգի համար»,-ասվում է փաստաթղթում: