Աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպության ղեկավարը կառավարություններին եւ հաստատություններին կոչ է անում պայքարել COVID-19-ի պատվաստանյութերի մասին «ֆեյքային լուրերի» դեմ, որոնք «երկրորդ համավարակ» են դարձել, եւ սկսել ամրապնդել վստահությունը ամբողջ աշխարհում մարդկանց պատվաստման կարեւոր նշանակության հանդեպ, հայտնում է AP-ը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոկկան հայտարարել է, որ «այս համավարակին հաղթելու համար պետք է նաեւ հաղթենք անվստահության զուգահեռ համավարակին»:

Նրա ասել է, որ ամբողջ աշխարհում «մեծանում է ընդհանուր պատվաստանյութերի եւ մասնավորապես COVID-ի դեմ պատվաստանյութերի հանդեպ անվստահությունը», մատնանշելով Ջոն Հոփքինսի համալսարանի 67 երկրներում վերջերս կատարած ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ այս տարվա հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պատվաստումները զգալիորեն նվազել են երկրների մեծ մասում:

Նա ընդգծել է, որ վստահության պակասը «ոչ մի դեպքում արեւմտյան երեւույթ չէ»՝ վկայակոչելով ֆեդերացիայի ուսումնասիրությունը, որն անցկացվել է վերջին ամիսներին աֆրիկյան ութ երկրներում՝ Կոնգո, Կամերուն, Գաբոն, Զիմբաբվե, Սիերա Լեոնե, Ռուանդա, Լեսոտո եւ Քենիա, որոնք COVID-19-ով վարակվելու ռիսկի ընկալման կայուն անկում են ցույց տվել:

Ռոկկայի խոսքով՝ ավելի ու ավելի շատ մարդիկ են նշել, որ վիրուսը չի վարակում երիտասարդներին կամ աֆրիկացիներին, որ այդ հիվանդությունը գոյություն չունի, եւ համավարակն ավարտվել է: «Աֆրիկայի մի քանի երկրներում մենք ընդհանուր թերահավատություն ենք տեսնում պատվաստանյութերի վերաբերյալ, ընդ որում՝ ընդհանուր կարծիքն այն է, որ օտարերկրացիներն Աֆրիկան օգտագործում են որպես բժշկական «փորձադաշտ»»:

Նա ասել է, որ զարմանալիորեն, որոշ ակնհայտ խոցելի եւ մարգինալացված խմբեր նույնիսկ տեղյակ չեն համավարակի մասին՝ նշելով Պակիստանում անցկացված մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 10 տոկոսը չի իմացել COVID-19-ի մասին: