Արցախում արդեն խաղաղ պայմաններում երկու զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկում՝  տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են 19 ամյա զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը  և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է արցախյան պատերազմում զոհված եւս 34 զինծառայողի անուն։ Պաշտոնապես հրապարակված զոհերի ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1694-ի:

Արցախում շարունակվում են զոհվածների մարմինների որոնումները։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Հադրութի շրջանում գտել է 19 մարմին։ Դրանից  հարավ ընկած շրջանում,  Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի հատվածներում այդ աշխատանքները դեռ չեն իրականացվում. Կարմիր խաչի և ադրբեջանական կողմի միջև բանակցություններ են ընթանում: ԱԻՆ-ի մամուլի պատասխանատուն հայտնել է, որ մինչեւ հիմա 655 մարմին է հայտնաբերվել և փոխանցվել ծնողներին:

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հայ իրավապաշտպանների կողմից միջազգային կառույցներին հասցեագրված նամակների շնորհիվ՝ Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի  Բալասանյանը նշանակվել է Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Հիշեցնենք, որ նախօրեին Բալասանյանն արդեն հայտարարել էր, որ շարունակելու է ծառայել պետականաշինության գործին։

Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ ԼՀԿ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

Մամուլը հայտնում է, որ Արցախի Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա  սուր վեճը՝  Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի անսարքությունների եւ  հատկապես Արցախի հարավում օդը անպաշտպան դառնալու պատճառով։ Ըստ Mediport-ի՝  Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով հրամանատարի  տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի հետեւանքով Ադրբեջանի զինուժը հեշտությամբ տեղորոշել է նրա գտնվելու վայրը։ Աղբյուրը նաև հայտնում է, որ Դավիթ Տոնոյանը, չնայած ռազմական դրությանը, մեկնել է Վիեննա, որտեղ, ըստ Mediaport-ի՝ Պատրոն Դավոն նրան բնակարան է նվիրել:

ՀԱՊԿ գագաթնաժողովում  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:  «Այժմ կարեւոր է միահամուռ օգնել  մարտական գործողությունների գոտում հայտնված մարդկանց, օգնել լուծել հումանիտար խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, վերականգնել փլուզված ենթակառուցվածքները, պաշտպանել պատմական, կրոնական եւ մշակութային հուշարձանները»,-ասել է նա: Ըստ Պուտինի՝ Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին եւ վարչապետի կողմից քաջություն էին պահանջում:

Անհետաձգելի առաջնահերթությունը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհայտ կորածների ճակատագրի պարզումը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ելույթն ուղեկցվել է տեխնիկական խոտանով։

«Անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու  նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը: Մյուս առաջնահերթությունը   պայմաննների ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար, նաեւ  անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի զբաղեցրած տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար»:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, թե նոյեմբերի 10-ի  գիշերը Երեւանում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներից շատերը բանակում չծառայած, վերջին պատերազմին չմասնակցած քաղաքացիներ են, որոնց մեջ մեծ թիվ են կազմում դաշնակցակցության ու հանրապետականների աջակիցներ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ։ ԱԱԾ-ն հետեւության է հանգել, որ անկարգությունների շարժառիթը ոչ թե պատերազմի ելքն էր, այլ երկրում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը:

Արձագանքելով այս հաղորդագրությանը, երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարել է, որ  ԱԱԾ-ն բառացիորեն արտատպել է Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը եւ ազդարարել է բողոքի ցույցի մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։ «Նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։ ԱԱԾ գործառույթները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում», նշված է հայտարարությունում։

Իջևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան ուղեկցվել է  ոստիկանների հետ քաշքուկով։ Քաղաքացիները ոստիկաններին կոչ են արել չպաշտպանել ազգադավին:

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

Գլենդեյլում ցույցի հավաքված  հայերն էլ են  պահանջել  Փաշինյանի հրաժարականը։

Երեւանում էլ շարունակվում են Ազգային ժողովի իմքայլական պատգամավորների տների մոտ բողոքի ցույցերը։ Այսօր էլ քաղաքացիները հավաքվել են   Վահագն Հովակիմյանի տան բակում՝ բարձրաձայնելով. «Եթե թասիբ ունեք, հրաժարական տվեք»:

Նորմալ երկրներում դավաճաններին դատում են, կախաղան են հանում, գնդակահարում են, մեր երկիրը շարունակում է մնալ դավաճանական խունտայի ձեռքում, Ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Ըստ նրա՝ եթե միջնաբերդն է ընկնում, ուրեմն դավադրությունը եղել է ներսից։ «Հայոց Միջնաբերդը դավաճանների ձեռքով հանձնվեց թշնամուն, որն այսօր իր արյունոտ թաթերը մոտեցրել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սևանին, Սոթքին... Կամ բոլորս պետք է դուրս գանք փողոց և օր առաջ ազատվենք դավաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Հադրութի, Շուշիի հրդեհված տների կրակը մոտենալու է մեր օջախներն», գրել է Դանիելյանը:

Երեւանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու, մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ավելի վաղ ավագանին որոշեl 18 ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

Կառավարությունը ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ են իրականացրել, ըստ որի, դեկտեմբերի 2-ից վերացվում են ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ:

Դատարանը մերժել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալին թույլ տալ բուժումը շարունակել արտասահմանում։ Առողջական վիճակի պատճառով Խաչատրյանը չի կարողացել մասնակցել  նիստին։ Փաստաբանները դատարան են ներկայացրել նախկին նախարարի առողջական վիճակի վատթարացման վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանք, սակայն, ըստ պաշտպանների՝ իրենց միջնորդությունը դատարանը մերժել է անհասկանալի պատճառաբանություններով, ինչը պետության կողմից ենթադրյալ խոշտանգման հատկանիշներ է պարունակում։

Հայաստանում արդեն օրական մահանում է տասնյակ կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է 43 վարակված, որոնցից 8-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների թիվը հասել է 2795-ի։ Երեկ գրանցվել է վարակման 1264 նոր դեպք,  վարակվածների ընդհանուր թիվը հասել է 137231-ի: Այս պահին բուժվում է 22641 մարդ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 2.16 դրամով ու հասել 509.14 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 6.36 դրամով ու հասել 613.77 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.37 դրամով ու կազմել  679.29 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով  ու կազմել 6.73 դրամ:

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, որոշ  վայրերում կլինի մառախուղ։ Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-ից +1, վաղը ցերեկը 8-10աստիճան զրոյից բարձր։