Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը COVID-19-ը սահմանափակելու համար կարանտին կամ պարետային ժամ մտցնելը համեմատել է բռնապետության հետ: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու գրեթե երբեք դիմակ չի կրում:

Նրա խոսքով՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումները, որոնք սահմանափակում են մարդկանց տեղաշարժը, «նորաձեւ են այն իշխանությունների շրջանում, ովքեր ցանկանում են ցույց տալ, որ դրանք կոշտ են, բռնապետական»: «Նրանցից շատերը ցուցադրում են իրենց ավտորիտար բնազդները»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլխավորը ազատությունը երաշխավորելն է»:

Աշխարհի շատ կառավարություններ համավարակի պատճառով արգելքներ կամ սահմանափակումներ են մտցրել: Սակայն Լոպես Օբրադորը համառորեն դիմադրում է նման միջոցառումներին՝ պնդելով, որ որոշ մարդիկ ապրում են նրանով, ինչ փողոցում են վաստակում: