«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատավորների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախորդած իրադարձություններից: Պարզվում է՝ Փաշինյանը դատական համակարգի ներկայացուցիչներին հանդիպել էր նոյեմբերի 30-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համատեղ:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երբ կազմվում էր հանդիպման մասնակիցների ցուցակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարել է զանգահարել եւ հանդիպմանը հրավիրել նաեւ Սահմանադրական դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Սակայն վերջիններս զարմացել են, թե ինչու է նման ցանկություն հայտնել վարչապետը։ Վարչապետը հետաքրքրվել է՝ թե չի համատեղում երկու պաշտոնները արդյոք, եւ բացասական պատասխան ստացել, որ այժմ Ռուզաննա Հակոբյանն է երկու պաշտոն համատեղում։ Փաշինյանը պահանջել է հանդիպման հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին, եւ այդպես էլ վարվել են:

Ուշագրավ է, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ դատարանների նախագահները պատկերացում չեն ունեցել, իսկ, ահա, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իմացել են, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ: Դատավորներն էլ իրենց հերթին զարմացել են եւ չէին պատկերացում, որ վարչապետի հետ կարող էր նման քննարկում լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում