Հոկտեմբերի 27-ին եմ դուրս եկել Շուշիից, երբ արդեն վիճակը շատ բարդ էր. աշխատում էի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում որպես մոմավաճառ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շուշիի բնակիչ Ստելլա Միրզոյանը:

«Հիմա եկել եմ հասկանամ, թե մեր հետագա վիճակը ոնց է լինելու, ինչ հնարավորություններ, շանսեր կան: Մեզ բարի մարդիկ ընունել են իրենց տանը, առանց ոչ մի վճարի հարազատի պես ապրում ենք: Ես Երեւանում եմ, տղաս Ստեփանակերտում է, հետաքրքրվում է, դեռեւս բնականար չկա, որ գնանք: Ժողովուրդը շատ են, բնակարանները քիչ են: Բայց ինչքա՞ն կարող ենք մնալ էստեղ: Այնտեղ թողել ենք երկու բնակարան, ունեինք փոքր բիզնես, որ մեր ընտանիքը ապահովում էինք: Աշխատանք ունեինք»,-ասաց նա:

Կինը շարունակեց, որ Արցախ վերադարձել են եւ Հադրութի շրջանից, եւ Շուշիից, եւ Մարտունու շրջանից, եւ Ասկերանի շրջանից, հնրավոր է, որ չհասցնեն բոլորին ապահովել կացարանով:

«Եթե կացարանի հարցը լուծված լիներ, ես ու ամուսինս կվերադառնայինք, բայց իմ թոռնիկներին ես պատրաստ չեմ տանելու այնտեղ, որովհետեւ այն, ինչ տեսել են, դեռ շոկի մեջ են: Ես չեմ ուզում մնալ Հայաստանում, ամուսնուս հետ վերադառնալու եմ, բայց երեխաների հարցով մի քիչ շուտ է:

Պետությունը շատ վատ վիճակում է եւ այս պայմաններում ինչ-որ բան պահանջելը ճիշտ չեմ գտնում, ուղղակի եկել ենք հասկանանք մեր հետագա անելիքները: Ես կրկակի փախստական եմ, Բաքվից էլ եմ փախել, էլի ոչինչ չեմ պահանջել, ինքս ստեղծել եմ: Հիմա էլ հույս ունեմ, որ մի քիչ կարգավորվի, էլի կստեղծենք, կապրենք»: