Սաուդյան Արաբիան եւ Կատարը շուտով կարող են նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք երկու երկրների հարաբերությունների բարելավմանը կհանգեցնեն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այս խնդրից տեղյակ անձանց` պայմանավորվածությունները, որոնք ամենայն հավանականությամբ ձեռք կբերվեն մոտ ապագայում, Սաուդյան Արաբիայի եւ Կատարի սահմանների եւ օդային տարածքի բացում կենթադրեն: Բացի այդ, ենթադրվում է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիրը վերջ կտա տեղեկատվական պատերազմին, ինչպես նաեւ հիմք կդառնա երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված մի շարք այլ քայլերի համար: Բլումբերգն ընդգծում է, որ առաջիկա գործարքին չեն նախատեսում մասնակցել Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք ավելի վաղ եւս հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին:

Գործակալությունն ընդգծում է, որ Քուվեյթի միջնորդությամբ երկու երկրների հարաբերությունների կարգավորման փորձերը կարող են հաջողությամբ ավարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշների` այս շաբաթ տարածաշրջան կատարած այցից հետո: Axios լրատվական պորտալը կիրակի նշել էր, որ Քուշները նախատեսում է մեկնել Սաուդյան Արաբիա եւ Կատար` Դոհային Պարսից ծոցի մյուս երկրների մայրաքաղաքների հետ հաշտեցնելու համար: Ամերիկյան կողմի կարծիքով` կարգավորումը կայունության զգացողություն կվերադարձներ տարածաշրջան եւ գործող վարչակազմի ձեռքբերումներից մեկը կդառնար մինչեւ Սպիտակ տան ղեկավարի փոփոխությունը 2021 թվականի հունվարի 20-ին:

2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին` Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդեցին տնտեսական պատժամիջոցները եւ էմիրության տրանսպորտային շրջափակումը: Երկրները, մասնավորապես, փակեցին օդային տարածքը Կատարի ավիացիայի համար: