Բոլոր այն պատասխանատուները, որոնք այս կորուստի համար իրենց լուման են ներդրել, պատասխան են տալու օրենքի առաջ, այդ թվում՝ Դատախազությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

Նշենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները Դատախազությունից պահանջում էին քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների փաստերով եւ դադարեցնել քրեական գործերի անվան տակ քաղաքական հետապնդումները:

«Մենք պարտվել ենք պատերազմում, ունեցել ենք ծանր կորուստներ, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, զոհվել են մեր բազմահազար զինվորներ, ունենք անհետ կորածների կորուստներ, ունենք գերեվարվածներ. այս ամենն իրականացվում է Հայաստանում գործող վարչապետի եւ նրա իշխանախմբի պատճառով եւ մասնակցությամբ։ Պատերազմի կառավարման տապալմամբ, այս պարագայում մենք ունենք իրավիճակ, որ ՀՀ դատախազությունը պետք է մի շարք գործեր հարուցեր՝ այդ հարցերի կապակցությամբ, պետք է քրեական հետապնդումներ սկսեր։ Պետք է պարզաբանվեր եւ իրենց եւ բոլորի համար, թե ինչպես եղավ, որ մենք այս պատերազմում հանպատրաստ եղանք, ինչպես եղավ, որ այն զենքերը, որոնք ունեինք՝ չկրակեցին, ինչպես եղավ, որ այն գեներալները, որոնք պետք է մասնակցեին պատերազմի կառավարմանը, տարբեր բունկերներից դուրս մղվեցին, ինչպես եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, որոնք այնտեղ չպետք է լինեին։ Ով է այս ամենի պատասխանատուն, եւ ով պիտի այդ գործերը հարուցի, ՀՀ դատախազությունը։ Դրա փոխարեն ՀՀ դատախազությունը շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի շահերը, վարչապետին. այն վարչապետին, որն այս պարտությունը կերտեց։ Մենք պահանջում ենք՝ վերջացնել այն պահվածքը, որ հիմա ունեն։ Վերջացնեն ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները, որոնք պայքարում են այս ամենի դեմ եւ անցնեն իրենց հիմնական գործին՝ ծառայելով պետությանը»,- հայտարարեց Արա Հակոբյանը։

Նա ասաց, որ այս ակցիայի ընթացքում իրենք միայն բանավոր կոչով են դիմելու։

Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանում, փաստացի, իշխանություն չկա. «Ավելի ծանր բան կա, Հայաստանի պետականությունն է վտանգված։ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ տարբեր պետություններ, այդ թվում՝ մեր թշնամի պետությունները, Հայաստանի մասին որոշումներ են ընդունում, եւ այդ որոշումներին Հայաստանը չի մասնակցում»։

Արա Հակոբյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման արդյունքում օր առաջ հեռանալու է. «Նա Հայաստանում իշխելու որեւէ լիազորություն չունի։ Նիկոլ Փաշինյանը կմնա այնքան, ինչքան մենք թույլ կտանք»։