«Team Telecom Armenia»-ն նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ 2021 թվականին էապես կմեծացնի ծառայությունների որակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Team Telecom Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, եւ 3 ամիս անց Երեւանում կհայտնվի նոր օպտիկամանրաթելային ցանց: «Ընկերությունը մտադիր է մուլտիծառայության ցանցի (Next Generation Network) տեխնոլոգիա ներդնել, որտեղ բջջային ցանցի եւ ինտերնետի աշխատանքի համար կիրառվում է միասնական ցանց էլ ավելի մեծ թողունակությամբ, քան ավանդական ցանցը՝ վայրկյանում մինչեւ 10 գիգաբիթ արագության, հետագա մեծացման հնարավորությամբ: Ինչ վերաբերում է 5G տեխնոլոգիաների մասին խոսակցություններին, ապա առաջարկում եմ մոռանալ այդ մասին ամենաքիչը առաջիկա 5 տարում: Ներկայիս 4G-ն եւ 4G+-ը լիովին բավարարում են բաժանորդների պահանջները»,-նշեց նա:

Եսայանը պարզաբանեց, որ ի տարբերություն «Բիլայն» ցանցի՝ տարանցիկ ուղղություն է հայտնվել դեպի Իրաք, այն դեպքում, երբ նախկինում դա չկար: Նա հավելեց, որ «Բիլայն» բրենդը դեռ մնում է: «3-5 տարվա ընթացքում ծրագրվում է ներդրումներ իրականացնել 40-60 մլն դոլարի չափով, որոնք կուղղվեն ցանցի հետ կապված աշխատանքների իրականացմանը: Ընկերության եկամուտներից ստացված հարկերն ամբողջությամբ կվճարվեն ՀՀ բյուջե: Ընկերությունը 3 տարվա ընթացքում ծրագրում է ավելացնել աշխատակիցների թիվը մինչեւ 800 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով մինչեւ 2500-ի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Արմենտել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: