Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման եւ Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման եւ ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ:

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման եւ առավել ամրապնդման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի եւ ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական եւ ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու եւ որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաեւ, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը: