ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2,5 տարվա ընթացքում զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր գործառույթներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, որը քիչ առաջ մուտք գործեց ԱԱԾ շենք։

Նշենք, որ Եսայանը ներկայացել է ԱԱԾ՝ նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման դեպքերի առնչությամբ։ Երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված է եղել նաեւ իր լուսանկարը եւ ինքը ներկայացվել է որպես նոյեմբերի 9-10 գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկը։ Նա պատրաստվում է ԱԱԾ-ից պահանջել՝ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ կամ հերքում տարածել այդ մասով։

«Մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ սատանա էին փնտրում, նրանք դիմակները կրելու պարտադիր պահանջն էին վերահսկում, նրանք գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել, մինչդեռ երկիրը կանգնած էր այսպիսի լայնածավալ պատերազմի առաջ։ Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որը հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեզ համար անսպասելի էին, բայց իշխանության համար երեւի անսպասելի չէին։ Իշխանության նպատակն հենց այն էր, որ ԱԱԾ-ն զբաղվի ոչ նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել»,- նշեց Եսայանը։

Նրա կարծիքով՝ ԱԱԾ-ի այդ հաղորդագրությունը պարունակում է նաեւ քրեական որոշակի հանձագործության տարրեր. «Իշխանության վերազանցում, պաշտոնեական դիրքի չարաշահում։ Ես պատրաստվում եմ այդ հոդվածներով դիմում ներկայացնել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Ինչպես գրված էր ԱԱԾ հաղորդագրությունում, իմ լուսանկարը ցուցադրելուց հետո, ենթադրվում է, որ իմ նկատմամբ մեղադրանք պետք է առաջադրվի, եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես պահանջելու եմ ԱԱԾ տնօրենից՝ սկսել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ով է պատրաստել եւ տարածել այդ հաղորդագրությունը այս հիմնարկի անունից։ Ես պատրաստվում եմ դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ, ակնհայտորեն, խախտվում է մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը։ Պատրաստվում եմ դիմել նաեւ դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորման հիմքով»։

Եսայանը հայտնեց, որ այս քրեական գործով ինքը վկայի կարգավիճակով հարցաքննվել է, սակայն որեւէ հարցի չի պատասխանել։

«Այն ժամանակ սա բնութագրել եմ որպես անհավասարակշիռ վարչապետի քաղաքական հանձնարարություն կատարելու փորձ։ Ասեմ, որ իմ քննիչը շատ վիրավորվեց իմ բնութագրումից, որ ԱԱԾ-ն իրականացնում է քաղաքական պատվեր։ Նա տվեց երկրորդ հարցը, որտեղ հիմնական բովանդակությունն այն էր, թե ԱԱԾ-ն քաղաքական պատվեր երբեւէ չի իրականացնում։ Հենց հիմա մենք վկա ենք, որ երեկվա հաղորդագրությամբ իրականացվել է քաղաքական պատվեր։ Սա քրեական հոդվածներով քաղաքական հետապնդում իրականացնելու փորձ է»։

Բագրատ Եսայանն ընդգծեց, որ իրենք այս գործընթացներին ականատես են եղել նաեւ 90-ականներին եւ ականատեսն են նաեւ հիմա. «Վստահեցնում եմ, որ այս շենքում նստած շատ երիտասարդ քննիչներին եւ իրավապահներին՝ մասնակից չլինեն, եւ այս գործերը չխորացնեն, որովհետեւ որեւէ արդյունքի չեն հասնելու, խայտառակ են լինելու»։