Ընդդիմադիր 17 ուժերը նախօրեին հրավիրել են խորհրդի նիստ, որոշում են կայացրել, որ պետք է ստեղծեն «Հայրենիքի փրկության» ազգային շարժում, ընդլայնեն իրենց կազմը, այսօր գումարվեց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստ, որը որոշում կայացվեց, որ  միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելով, որ շաբաթ օրը հրավիրել են հանրահավաք, որտեղ Վազգեն Մանուկայնը հանդես կգա ելույթով:

Հարցին՝ ինչու Վազգեն Մանուկյանը, նա պատասխանեց. «Որովհետև Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, հմտություններով այն մարդն է, որ երկրին կբերի հանդարտություն, կայունություն, կկարողանա կազմակերպել առաջիկայում արտահերթ արդար, թափանցիկ ընտրություններ: Նա այն թեկնածուն է, որ այս պահին մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները կարող է հաղթահարել, իր գլխավորությամբ գործող ժամանակավոր կառավարությունով»:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ շուտով հայտարարություն են տարածելու, բացի այդ բոլոր հարցերին մանրամասներով կպատասխանեն, առաջիկայում հրավիրվելու է մամուլի ասուլիս եւ ինքը որպես «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող բոլոր հարցերին կպատասխանի:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Վազգեն Մանուկյանը ապագա արտահերթ ընտրություններին, որը պետք է կազմակերպվի, չի առաջադրվելու: «Հայրենիքի փրկության խորհրդի» կազմում են 17 կուսակցությունների ներկայացուցիչները և բազմաթիվ մտավորական, հասարակական, քաղաքական գործիչներ»,- ասաց նա և նշեց, որ որ իրենք ունեն ճանապարհային քարտեզ և առաջին հրատապ հարցն է, որ հեռացնեն ապազգային, չարիքի իշխանությանը, որ մեր երկրի առջև կանգնած հարցերը կարողանան լուծել:

Հարցին էլ՝ ի՞նչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև այլ ճանապարհ չկա, նա պետք է հեռանա րոպե առաջ ու անցնցում: Նրա ամեն րոպե իշխանության մնալը հյուծում է  մեր երկիրը, պառակտում է մեր հասարակությանը, նոր անվտանգային խնդիրներ են կուտակվում»:

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի հեռանալու ճանապարհը հետեւյալն է. պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ կքննարկվի Փաշինյանի պաշտոնանկության հարցը. կամ ինքնակամ հասկանա ու հեռանա, կամ ԱԺ-ն քննարկի պաշտոնանկության հարցը և ընտրի նոր ժամանակավոր թեկնածուի: «Հասարակական պահանջի ու ճնշման տակ քաղաքական մեծամասնությունը պետք  է գնա այդ տարբերակին»,- շեշտեց նա:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նախօրեին «Լուսավոր Հայաստանի» հետ ինքը քննարկում ունեցել է կապված վարչապետի միասնական թեկնածուի հետ եւ իրենց առաջարկությունը փոխանցել է նրանց. «Իրենց կարծիքը հարցրեք «Լուսավոր Հայաստանից», թող իրենք պատասխանեն: Ես վստահ եմ, որ ԱԺ-ում անհրաժեշտ քանակի ձայները կապահովվեն, որովհետեւ վստահ եմ, որ քաղաքական մեծամասնությունն այդ գիտակցություն ունի»: