Ֆրանսիան իսլամիստական գաղափարախոսության խթանման մեջ կասկածվող տասնյակ մզկիթների հանդեպ հետաքննություն կսկսի՝ կրոնական ծայրահեղականության աճող սպառնալիքի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Ջերալդ Դարմանինը:

Դարմանինը հայտնել է, որ ավելի քան 2600 մզկիթներից 76-ը ճանաչվել են որպես Ֆրանսիայի հանրապետական արժեքներին եւ անվտանգությանը հնարավոր սպառնալիքներ: Նրա խոսքով, եթե կասկածները հաստատվեն, մզկիթները կփակվեն:

Քննիչները կզբաղվեն մզկիթների ֆինանսավորումների եւ եւ կասկածելի համարվող իմամների պատմության ուսումնասիրությամբ:

Նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է «իսլամիստական անջատողականության» աճող սպառնալիքի եւ աշխարհիկ ֆրանսիական հանրապետության միասնությանը դրա մարտահրավերի մասին: Նրա խոսքով՝ ֆրանսիական հիմնական արժեքները, ինչպիսիք են հավատքի ազատությունը, գենդերային հավասարությունը եւ աստծուն անարգելու իրավունքը, որոշ տեղերում սպառնալիքի տակ են: «Բախվելով մեր երկիրը լափող այս հիվանդությանը՝ Ֆրանսիան վճռական եւ անսասան կերպով համախմբվել է»,- գրել է նախագահը Financial Times-ին նոյեմբեր ամսվա նամակում: