Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին եւ նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող եւ անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջեւ բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել եւ օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաեւ միջազգային հանրությանը, եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:

Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, եւ նրանք կվերադառնան հայրենիք: