ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոհմակի աջակցող ծառայության, այն հայոց պետականության հետ գրեթե կապ չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութն ակնհայտորեն այս իշխանության դեմքն է բացահայտում։ ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ոհմակի աջակցող ծառայության, այն հայոց պետականության հետ գրեթե կապ չունի։ Հրապարկված տեսանյութն ընդգծված քաղաքական ուղղվածության էր, փորձ էր արվում մեղադրանք ներկայացնել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին եւ որպես թիրախ ընտրված են հատկապես ՀՅԴ ներկայացուցիչները»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն առաջին հերթին պարտավոր է քննության առարկա դարձնել, թե ինչպես եղավ, որ հատուկ պահպանվող տարածքներ հանդիսացող Կառավարության շենքը, կեցավայրը, ինչպես նաեւ ԱԺ շենքը մնացին անպաշտպան. «ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ դրանք հատուկ պահպանվող տարածքներ են, եւ դրանց՝ հսկողություն պետք է իրականացվի։ Ինչպե՞ս եղավ, որ բացվեց, եւ այնտեղ որոշակի գործողություններ տեղի ունեցան։ Ինչո՞ւ ԱԱԾ-ն քայլ չի արել հասկանալու՝ արդյոք որեւէ կազմակերպություն նման մտադրություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»։

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ԱԱԾ-ի հրապարակած այդ տեսանյութով ակնհայտորեն խախտվում է անձի պատիվն ու արժանապատվությունը. «ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով այս պահին մեր կողմից պահանջ կա. պաշտոնեական լիազորությունների չարաշահումը,  պաշտոնեական լիազորությունների անցումը, պաշտոնեական կեղծիքը եւ այնպիսի գործողությունները, որոնք պաշտոնատար անձի կողմից թույլ է տրվել. կլինի անփութություն, թե կանխամտածված գործողություն, որով էական վնաս է պատճառել կոնկրետ անձանց։ Պարզ է, որ իշխանությունը կորցնելով իր դիրքերը, փորձում է ամեն ջանք, ընդհուպ չսահմանափակվելով օրենքով արգելված գործողությունները, ամեն կերպ փրկել իրենց գոյությունը, տվյալ դեպքում իրենց իշխանությունը։ Բոլորս համոզված ենք, որ այս իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին իմ հորդորն է՝ գործել Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում։ Ընդդիմությունը որեւէ քայլ չի կատարել Սահմանադրությունից դուրս»։

Նա նշեց, որ այդ ամենի վերաբերյալ ՀՀ դատախազություն կա նաեւ ներկայացված հաղորդում։ Մինասյանի խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի հարուցվի քրեական գործ. «Գլխավոր դատախազը պարտավոր է լինել Հանրապետության գլխավոր դատախազը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի դատախազը։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարտավոր է լինել ՀՀ ՀՔԾ ղեկավար, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ սորոսականների համար ՀՔԾ»։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այսօր էլ ռազմական դրությունը պահպանվում է, որպեսզի ցանկացած պահի ճնշում գործադրեն անհնազանդությանը եւ քաղաքացիների բողոքներին։

Լրագրողի դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հրաժարական ներկայացներ, գուցե դա դիտարկվեր երկիրը ծանր վիճակում թողնելու ու հեռանալու քայլ, Արծվիկ Մինասյանն արաձագանեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախումբը չլինեին այս ծանր վիճակի մեղավորները, այդ հարցադրումը կլիներ տրամաբանական, բայց իրենք են դրա մեղավորը։ Որեւէ միջազգային պատմության մեջ չի եղել դեպք, երբ ռազմաճակատում, դիվանագիտական ճակատում, քաղաքականության մեջ պարտված իշխանությունը շարունակի մնալ, որովհետեւ շարունակել նշանակում է՝ շարունակել նոր կորուստներ։ Ինչքան շուտ հեռանան, այնքան մեծ է հավանականությունը, որ կփրկվի մի որոշակի բան»։

Լրագրողը հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն հայտարարությունը, թե իրենք պարտվել են ռազմաճակատում, բայց ոչ՝ դիվանագիտության մեջ, Արծվիկ Մինասյանն էլ նշեց. «Իրենք պարտվել են բոլոր ճակատներում։ Չկա այնպիսի մի տեղ, որտեղ իրենք հաջողություն արձանագրած լինեն։ Ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախումբը, ուրեմն իմացեք, որ դրա հակառակն ինքը գործադրելու է միավորման կամ երկրում դրական բան փոխելու առումով։ Նա այսօր էլ պատրաստ է հանձնել լրացուցիչ տարածքներ, լրացուցիչ մարդկանց զոհել, միայն թե ինքը մնա իր աթոռին»։