ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Է. Բիգանը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ին հայտարարությանը համապատասխան:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում շարունակել այդ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացումը, ինչպես նաեւ հրադադարի հարցով նախորդ պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են միջոցների կարեւորությունը, որոնք ընդունվել են Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ՝ մարտական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար: Նրանք նաեւ կոչ են անում տարածաշրջանից ամբողջական եւ արագ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին եւ կոչ են անում բոլոր կողմերին աջակցել այդ հարցին:

Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման եւ դիերի վերադարձի հետ կապված: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարեւորությունը, այդ թվում՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը:

Համանախագահ երկրները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ են անում լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու եւ մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:

Համանախագահ երկրները կոչ են անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին եւ այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին՝ համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր:

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում օգտվել ներկայիս գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո խաղաղ բանակցություններ վարելու երկարատեւ եւ կայուն համաձայնագիր կնքելու համար: Այդ համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ սկսել առարկայական բանակցությունները համաձայնեցված ժամանակացույցով չլուծված բոլոր խնդիրները լուծելու համար:

Համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը՝ վեճերը լուծելու համար ուժի կամ սպառնալիքի չկիրառման նկատմամբ: Նրանք վերահաստատում են իրենց հետեւողական եւ միասնական դիրքորոշումը՝ հօգուտ մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրների համաձայնեցված, համապարփակ եւ կայուն լուծման՝ համապատասխան եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին քաջ հայտնի հիմնարար սկզբունքներին եւ տարրերին: Համանախագահ երկրները նախկին պես լիովին հավատարիմ են այդ նպատակին՝ տարածաշրջանում բարգավաճման, խաղաղության, կայունության իրենց երկարամյա ջանքերին համապատասխան: