Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաներն ավարտվեցին. վաղն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն ակցիաները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ-ի ԿՎ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փակել էին Երեւանի բոլոր գլխավոր փողոցները։ Այսօր միաժամանակ փակվել էին Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները։ Փակ էին Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները:

«Այսօրվա մեր ակցիան այսքանով համարում ենք ավարտված։ Հաջորդ մեր գործողության մասին, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է վաղը, կտեղեկացնենք մեր էջով։ Պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանի՝ րոպե ավել մնալն իր աթոռին՝ սպառնում է մեր բոլորի գոյությանը, մեր հայրենիքի գոյությանը։ Մենք շարունակելու ենք նույն մեթոդներով։ Այսօր ժամը 18։00-ից տեղի ունեցողն այն բանի ապացույցն էր, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին»։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ոստիկանները ենթարկվում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգին. «Ամեն գործողութուն երբ մի փոքր դուրս է գալիս իր վերահսկողությունից, նրանք հակազդում են անհամաչափ ուժով եւ բավական կոպիտ ձեւով։ Դրանով վախեցնել ՀՀ քաղաքացիներին, որոնք հայրենիք են կորցրել , վստահեցնում եմ, որ չի ստացվի։ Յուրաքանչյուր այդպիսի գործողություններից հետո տեսնում եք, որ ակցիայի մասնակիցները բազմապատկվում են։ Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ»։

Հարցին՝ արդյոք երիտասարդներն ընդունո՞ւմ են Վազգեն Մանուկյանին՝ որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու՝ նա պատասխանեց. «Երիտասարդների օրակարգը մեկն է, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, եւ որեւէ մեկը, բայց ոչ իր թիմից, պետք է ստանձնի ժամանակավոր վարչապետի պաշտոն։ Ժամանակավոր վարչապետի կարեւորագույն խնդիրներից մեկ լինելու է ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը, որի ժամանակ հայ հասարակությունը հնարավորություն կունենա իր քվեով նոր իշխանություն ձեւավորել Հայաստանում»։