Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կառչած է վարչապետի աթոռին, ամեն օր լինելու են ցանկացած տիպի անհնազանդության ակցիաներ. դա ՀՀ քաղաքացիների բացարձակ սահմանադրական իրավունքն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանական բաժանմունքի դիմաց 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին իրենք կատարում էին սահմանադրական կոպտագույն խախտումներ, մտնում էին ռազմավարական նշանակության հաստատություններ, Ռադիոտուն, ԱԺ նախագահը հայտարարում էր՝ որ շենքն ուզենք, կմտնենք։ Այս բոլոր ակցիաները բացառապես Սահմանադրության շրջանակում են, որեւէ մեկը, որեւէ ոստիկան իրավունք չունի արգելելու ՀՀ քաղաքացիներին իրենց բողոքը հայտնելու օրենքով թույլատրելի միջոցներով»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց՝ իրենք քիչ առաջ տեղեկություն են ստացել, որ շտապօգնության 2 մեքենաներով Հերացիից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող հատվածում տեղափոխվել են ոստիկանական ուժեր. «Դա չէր կարող լինել առանց քաղաքապետի թույլտվության, կա «Շտապօգնություն» ՓԲԸ, որի ղեկավար Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ դրանք չեն եղել իրենց շտապօգնության մեքենաները։ Հիմա ես դիմում եմ Առողջապահության նախարարին եւ քաղաքապետին. երկուսդ պատասխանատու եք օրենքի կոպտագույն խախտման համար։ Սպասում եմ նրանց պարզաբանմանը»։

Պատգամավորն ասաց, որ այդ խնդրի առնչությամբ վաղը ինքը պաշտոնապես դիմելու է միջազգային բոլոր կառույցներին։

«Չմտածեք թե դուք մի մարդու իշխանությունը պահելու համար մեր երկիրը վերածելու եք անօրինականության, բեսպրեդելի եւ տեռորի որջի»,- նշեց նա։