Վերջին երեք օրերին Հայաստանում թանկացել է լայն սպառման մթերքը՝ կաթնամթերքը, հացաբուլկեղենը, նպարեղենը։ NEWS.am-ի հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ թանկացումը անզեն աչքով նկատելի է։

«Պիտի կույր լինել, որ չնկատել։ Մածուն, սմետանը, կարագը թանկացել են, հացաբուլկեղենը թանկացել է 10-15 դրամով, բայց ի՞նչ անենք, պետք է ապրենք։ Մի երեք օր է՝ ինչ թանկացել է»,– ասաց քաղաքացիներից մեկը։

«Առաջին անհրաժշտության բաներն էլ՝ ալյուրը թանկացել է, լավաշը թանկացել է, ձեթն էլ։ Տեղեր էլ կա՝ քաշն է պակասել, գինը մնացել է նույնը, թաքնված թանկացում է։ Լավաշի կիլոգրամը 29 դրամով թանկացել է»,– ասաց մեկ ուրիշը։

Թանկացումների ազդեցությունը քաղաքացիներն արդեն իրենց բյուջեի վրա զգում են. «Իհարկե, զգում ենք, ես թոշակառու եմ, թոշակը նույնն է, գները բարձրացել են»։

Քաղաքացիների կարծիքով՝ պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է։ Այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել էր 510 դրամի։ Չնայած դրան, քաղաքացիները չհիմնավորված են համարում նման կտրուկ թանկացումը։

«Ինչ ներմուծված է, վաղուց է ներմուծված, այսպիսի կտրուկ թանկացում պետք է չլիներ, որովհետեւ ապրանքները ստացել են վաղուց։ Մի ամիս, երեք շաբաթ առաջ սկսեց այս ամենը՝ բարձրացան գները։ Եթե հունվարից թանկանար, կասեինք՝ սպառվել են բերված պաշարները։ Հուսով ենք՝ սա էլ ժամանակավոր է»։