Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվելու են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության բաժանմունքից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Տարոն Մանուկյանը։

«Մեր սերունդը եւ ՀՀ քաղաքացին արժանի չէ նման վարչապետ, նման կառավարություն ունենալու։ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ Հայաստանը ղեկավարել, այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը թուրքին՝ մեծ զոհերի գնով։ Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պարտավոր է հեռանալ։ Մեր ակցիաները, ցույցերը խաղաղ են եւ միտված են կառավարության կազմը փոխելուն եւ երկիրը զարգացնելուն»։

Նա նշեց, որ առաջին անգամը չի որ ինքը կամ իր ընկերները բերման են ենթարկվում. «Մեզ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով, բիրտ ուժ կիրառելով, ոչ ոք ի վիճակի չէ մեր արդար պահանջի դեմ աշխատելու։ Մեր տեսակը վախեցող տեսակ չէ։ Մեր պայքարն արդար է եւ պսակվելու է հաղթանակով»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն այսօր փակել էին Երեւանի բոլոր գլխավոր փողոցները։ Այսօր միաժամանակ փակվել էին Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները։ Փակ էին Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները:

Այդ ակցիաներն իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի։