ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելափակել ամերիկացի զինվորականների լայնամասշտաբ դուրսբերումը Գերմանիայից, ինչը պետք է տեղի ունենա երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պլանների համաձայն: Սա հետեւում է մի շարք օրինագծերից, որոնք նախապատրաստվել էին 2021 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման կապակցությամբ  (National Defense Authorization Act):

Դեմոկրատներն ու հանրապետականները Կոնգրեսի երկու պալատներում հաստատել են օրենսդրական նախաձեռնությունների այս փաթեթը, որը բաղկացած է ընդհանուր 4500 էջից:

Այս փաստաթղթերի համաձայն` ԱՄՆ պաշտպանության նախարար Քրիստոֆեր Միլլերը Կոնգրեսին ուղղված զեկույցում պետք է հիմնավորի, թե ինչու է Գերմանիայից զորքերի դուրսբերումը բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Պենտագոնի ղեկավարի` Կոնգրեսում ելույթից ընդամենը 120 օր անց հնարավոր կլինի ԱՄՆ ռազմական զորակազմի քանակը Գերմանիայում կրճատել մինչեւ 340000-ից պակաս, հայտնում է DW-ն: https://www.dw.com/

Օրինագծերում նշվում է, որ Կոնգրեսը շարունակում է Գերմանիան որպես ուժեղ գործընկեր դիտարկել ՆԱՏՕ-ի շրջանակներում: ԳԴՀ-ում ԱՄՆ զինված ուժերի շուրջ 34.500 անձնակազմի ներկայությունը նպատակ ունի ճնշել «ռազմական ագրեսիան եւ ռուսական էքսպանսիայի փորձերը Եվրոպայում»: Բացի այդ, ԱՄՆ զորքերի ներկայությունը Գերմանիայում կարեւոր է Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Աֆղանստանում Վաշինգտոնի կողմից օպերացիաների անցկացման համար, ասվում է փաստաթղթում:

Որպեսզի 2021 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերաբերյալ օրինագծերի փաթեթն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի նախագահ Թրամփը: Սակայն նա արդեն երկու անգամ սպառնացել է վետո դնել այս փաստաթղթի վրա: 2020-ի ամռանն ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել էր պաշտպանական բյուջեի արգելափակման պատրաստակամության մասին` ամերիկյան ռազմաբազաների վերանվանման շուրջ վեճի պատճառով: Ավելի ուշ` դեկտեմբերի 1-ին, Թրամփը կրկնեց սպառնալիքը` այս անգամ կապելով այն օրինագծում օգտատերերի հրապարակումների համար սոցիալական ցանցերի պատասխանատվության վերաբերյալ դրույթ ներառելու պահանջի հետ:

Պաշտպանական բյուջեի ընդունման համար, չնայած նախագահի վետոյին, անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների երկու երրորդի աջակցությունը: