COVID-19-ի սոցիալական եւ տնտեսական ազդեցությունը «հսկայական է եւ շարունակում է ավելանալ: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` նշելով, որ հիմարություն է կարծել, որ պատվաստանյութը կարող է չեզոքացնել գլոբալ համավարակի հասցրած վնասը, որը տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ կտեւի:

Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջեւ COVID-19-ի հարցով Գլխավոր ասամբլեայի առաջին վիրտուալ արտահերթ նստաշրջանին` Գուտերեշը որոշ երկրներին մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններն անտեսելու կամ մերժելու մեջ, ինչի հետեւանքով երկրներին իրենց ուղղությամբ են գնում, իսկ վիրուսը տարածվում է «բոլոր ուղղություններով»:

«Համավարակի բռնկումից գրեթե մեկ տարի անց մենք մարդկային ողբերգության եւ արտակարգ իրավիճակի ենք բախվում հանրային առողջապահության, հումանիտար օգնության եւ զարգացման ոլորտում»,- ասել է Գուտերեշը: Նա ընդգծել է աղքատության աճը, սովի մոտեցող վտանգը եւ «վերջին ութ տասնամյակի ամենամեծ գլոբալ անկման» հեռանկարը` հայտարարելով, որ այս հետեւանքները կապված են ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ երկարաժամկետ անհավասարության եւ անարդարության հետ, որոնց դեմ պետք է պայքարել