Մեր նախկին գեներալները, որոնք շատ կարգապահ են, իրենց մեկուսացրեցին, բայց քանի որ պատերազմական օրենքներ են, ոչ ոք իրավունք չունի խառնվելու հրամանատարի գործունեությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Նա կոչ արեց իր գեներալ ընկերներին գալ ու ներկայացնել իրական իրավիճակը, որը եղել է պատերազմի ժամանակ, ինչպես դա արեց Մովսես Հակոբյանը:

«Ես այն գլխից եմ ասել, որ այս ամբողջը եղել է դավաճանություն, մտածված քայլ: Այն, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում հասնում է Սյունիք, Գորիսում հանդիպում է համայնքների ղեկավարների, զինվորականների հետ ու ասում՝ ժողովուրդ եկեք փրկենք Սյունիքը, մարտերը դեռ գնում էր Ջաբրայիլում: Առաջին պանիկյորն ինքն է դառնում: Առաջին խուճապ սարքողը երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալն է:

Եթե սյունեցին, ով կռվում է Ջաբրայիլում ու հանկարծ լսում է, որ եկեք փրկենք Սյունիքը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես կանգնել Ջաբրայիլում, նպատակը որն է, եթե Սյունիքը վտանգված է արդեն: Նիկոլ Փաշինյանը խուճապ սարքեց»,-ասաց Աշոտ Մինասյանը:

«Դեռ հունվարին Սյունիքում Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տվել եւ ասել՝ մենք կառուցում ենք Տաթեւ-Աղվանի ճանապարհը: Մեր միամիտ, հզոր, հազարամյա ժողովուրդը, հավատալով Նիկոլ Փաշինյանին, չի մտածում, թե ինչու է այն կառուցվում: Անցնում է որոշ ժամանակահատված, ու մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Այսօր կառուցված է այդ ճանապարհի 10 կմ-ն, մնացած 2,5 կմ-ն կառուցվելու է 2021 թվականին:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է, դրա համար մյուս ճանապարհը սկսեց կառուցել: Ես անգամ գիտեմ, թե ովքեր են ճանապարհ կառուցողները: Ես սա համարում եմ պետական դավաճանություն, ինքը պլանավորել էր»,-ասաց հրամանատարը: