Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները Արցախում ռազմական գործողությունների շրջանում 227 մարդուց բաղկացած կամավորական ջոկատ են ձեւավորել, որը 15-20 օր ծառայել է Մարտունի-Հադրութ ուղղությամբ շփման գծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: «Բարեբախտաբար, նրանց շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Ջոկատի անդամները կամ արդեն պարգեւատրվել են կամ էլ մոտ ապագայում կպարգեւատրվեն»,-նշեց նա:

Փամբուխչյանը հավելեց, որ ԱԻՆ որոշ ուժեր գործուղվել էին Արցախ, որպեսզի մթերքներ մատակարարեին ապաստարաններում գտնվող քաղաքացիներին եւ վերականգնեին ենթակառուցվածքները: «ԱԻՆ-ը Արցախում պատերազմի ժամանակ նաեւ դաշտային հոսպիտալ էր տեղակայել: Այժմ Արցախում փրկարարական աշխատանքներ են իրականացվում Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի եւ Ռուսաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ: Մենք ապահովում ենք բեռների տեղափոխումը, բայց այդ, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մարդասիրական օգնությամբ մեր ավտոմեքենաներն ուղարկել Արցախ: Պատերազմից հետո նվազել են քաղաքացիներից ստացվող բեռների ծավալները»,-ասաց նա:

«Այժմ վերաբաշխում ենք օգնությունը, որը հիմնականում ստացվում է արտասահմանից: ԱԻՆ-ի համար ամենագլխավոր խնդիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտն է, եւ դա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ Հայաստանում՝ ի տարբերություն Արցախի, բացթողումներ կան, այդ թվում քաղաքացիներին օդային տագնապի ժամանակ գործողությունների մասին իրազեկման մասով: Բոլոր ջանքերն ուղղված են այդ խնդիրների լուծմանը: Բացի այդ, անհրաժեշտ է կրթական համակարգում պատրաստվածության համապատասխան կուրսեր անցկացնել»,-եզրափակեց Փամբուխչյանը: